Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել

Screenshot 2026 03 27 100109

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը։  

Ընդհանուր խնամատար ընտանիքներում կարող են խնամք ստանալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։  

Մասնագիտացված խնամատար ընտանիքում կարող են խնամք ստանալ հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարման խնդիրներով, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները։ Այս դեպքում՝ խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը տրվում է նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։  

Երեխային խնամելու և դաստիարակելու համար կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց եկամուտ ստանալու ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ:

Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողի տարիքը չի կարող գերազանցել 65 տարին։  Սույն մասով նախատեսված տարիքային սահմանափակումները չեն գործում Խնամատարության պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում և կիրառելի են միայն մեկ խնամատար ծնողի նկատմամբ՝ ըստ խնամատար ծնողի ցանկության («ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-363-Ն օրենք)։

Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով՝ Հայաստանում մշտապես բնակվող չափահաս քաղաքացիներն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող են դիմել իրենց բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)․ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կիրականացվի համապատասխան գործընթացը։