Նորություններ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին
ապրիլի 12, 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը որպես բանախոս մասնակցել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին․ այն կազմակերպվել էր Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կողմից։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պետական մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Համաժողովի նպատակն էր ներկայացնել կառավարման և բիզնես միջավայրում հաջողության հասած կանանց պատմությունները՝ հաղթահարման ուղիներն ու ձեռքբերումները։
Ընդգծելով բոլոր ոլորտներում կանանց մասնակցային դերի բարձրացման, տղամարդկանց և կանանց իրավահավասարության ապահովմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ նախարարի տեղակալը խոսել է 2024-2028 թթ․ նոր գենդերային ռազմավարության գերակա ուղղությունների և սկզբունքների մասին։ Վերջինիս խոսքով՝ կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների իրացման նպաստավոր պայմանների ստեղծումը խթան կհանդիսանա երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար։
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել «Կանայք կառավարման համակարգում» և «Կանայք բիզնեսում» թեմաներով պանելային քննարկումներ․ մասնակիցներն անդրադարձել են աշխատաշուկայում կանանց առաջխաղացման պետական ռազմավարական մոտեցումներին, պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությանը, բիզնեսում և մասնավոր հատվածում նրանց դերակատարությանն ու առաջխաղացմանը։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ներկաները խոսել են կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարման, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման և այլ հարցերի շուրջ: