Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ

մարտի 26, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյի ու Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին․ մասնավորապես, քննարկվել են Ղարաբաղից տեղահանված երեխաների մասնակցությամբ Հունգարիայում ամառային ճամբարի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
 
Ընդգծվել է նմանօրինակ ճամբարների կազմակերպման կարևորությունը՝ երեխաների սոցիալական ներառման և միջմշակութային շփումների խթանման տեսանկյունից։ Շեշտվել է նաև կրթական և ճանաչողական բաղադրիչի ապահովումը, ինչը կնպաստի երեխաների աշխարհայացքի ընդլայնմանն ու նոր գիտելիքի ձեռքբերմանը։
 
Նշվել է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով առավել մեծ թվով երեխաների։