ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Աջակցող միջոցներ և այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցում» խորագրով երկօրյա քննարկմանը
մարտի 04, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Աջակցող միջոցներ և այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցում» խորագրով երկօրյա քննարկմանը․ այն կազմակերպվել էր «Կոնսորտ Արմենիա» հասարակական կազմակերպության կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների պատրաստման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված աշխատանքներն ու ներառական միջավայր ապահովելու մեխանիզմները։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է աջակցող միջոցների տրամադրման նոր կարգի չափորոշիչները, ընդլայնված ցանկը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների միջոցով առավել հարմարավետ աջակցող միջոցների ստեղծման աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների ու ներուժի լիարժեք բացահայտմանը խոչընդոտում են ոչ մատչելի միջավայրի պայմանները։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավաստագրի հիման վրա մատուցվելու են ոչ միայն աջակցող միջոցներ, այլ շատ ծառայություններ, որոնց կարիքն ունի հաշմանդամություն ունեցող անձը։
Հանդիպման մասնակից «Կոնսորտ Վորլդ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կամիլ Մատտան ներկաներին ցուցադրել է նորարարական սարքավորումներ, այդ թվում Tobii eye tracking` հայացքով կառավարվող սարքավորը, աջակցող գործիքներ․ ներկայացվել են նաև այնպիսի աջակցող միջոցներ, որոնք կարող են նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցման և ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը:
Տվյալ դասընթացի կազմակերպումը հաջորդել է անցյալ տարվա սեպտեմբերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած ««Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիություն և ծառայությունների հասանելիություն» խորագրով համաժողովին, որտեղ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ներկայացրել էին իրենց փորձը նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների և ընտանիքի անդամների համար։