Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է խնամատար ընտանիքներին նվիրված միջոցառմանը

մայիսի 15, 2026

Ընտանիքի միջազգային օրվա շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր մասնակցել է խնամատար ընտանիքներին նվիրված միջոցառմանը։

«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են նաև Միասնական սոցիալական ծառայության պետ Ագնեսա Աղաբաբյանը, ՄՍԾ պետի առաջին տեղակալ Աննա Մկրտումյանը, UNICEF-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խնամատար ծնողներ։  

Իր ելույթում Տաթևիկ Ստեփանյանը խոսել է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և սահմանված առաջնահերթությունների մասին՝ շեշտելով երեխաների ընտանիքում ապրելու և մեծանալու իրավունքի իրացման կարևորությունը։

«Խնամատարության 20-ամյա ճանապարհը Հայաստանում փորձ, մարտահրավերներ և ապագա» խորագրով պանելային քննարկման շրջանակում խնամատար ծնողները խոսել են իրենց փորձառության, հաջողությունների, ինչպես նաև դժվարությունների հաղթահարման արդյունավետ մեխանիզմների մասին։ Ոլորտի մասնագետները ներկայացրել են նաև խնամատարության համակարգի ներկա վիճակը, արձանագրված առաջընթացն ու զարգացման հեռանկարները։   Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում խնամատար ծնողներին հանձնվել են պատվոգրեր։

Միջոցառումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ։