Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է վերականգնողական ծառայությունների միջոցով առողջ ծերացումը խթանելուն ուղղված ծրագրի մեկնարկին

հունիսի 21, 2024
Վերականգնողական ծառայությունների միջոցով առողջ ծերացումը խթանելու նպատակով՝ Հայաստանում կիրականացվի երկամյա ծրագիր, որի շրջանակում ոլորտում ներգրավված մասնագետները հնարավորություն կունենան զարգացնել իրենց կարողությունները։
 
Այսօր տեղի է ունեցել ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Առողջապահական համաշխարհային կազմակերպության պատասխանատու Հենրիկ Խաչատրյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և այլք։ 
 
Միջոցառման շրջանակում ներկայացվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ մշակված առողջ ծերացման և վերականգնողական համակարգերի շրջանակը: 
 
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ընդգծելով ավագ սերնդի ներկայացուցիչների առողջ ծերացման ապահովման, նրանց ներուժի արդյունավետ օգտագործման և անհրաժեշտ վերականգնողական ծառայությունների տրամադրման ուղղությամբ շարունակական աշխատանքների դերը, նշել է, որ այս առաջնահերթությունները սոցիալական պաշտպանության ոլորտում մշակվող մի շարք ռազմավարությունների, մասնավորապես՝ Ժողովրդագրության ռազմավարության հիմքում են։ 
 
«Հայաստանն այսօր համարվում է ծերացող երկիր՝ ունենալով ծերացող հասարակության 12,5 տոկոս ցուցանիշ։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության առանցքում են ավագ սերնդի կարողությունների զարգացմանը, նրանց վերակրթմանն ու ներուժի օգտագործմանն ուղղված ծրագրերը։ Եվ քանի որ էկոհամակարգերը չեն կարող կատարելագործվել առանց մասնագետների կարողությունների զարգացման, ուստի նման ծրագրերի դերն իրապես մեծ է»,- նշել է նախարարի տեղակալը։
 
Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ միջոցառման մյուս բանախոսները ևս իրենց ելույթներում ընդգծել են ուսուցման առողջապահական համակարգերի հիմքով քաղաքականությունների մշակման դերը։ Վերջիններս վստահություն են հայտնել, որ ծրագիրն իրապես կնպաստի վերականգնողական ոլորտի մասնագետների ներուժի զարգացմանը, ովքեր կկարողանան ստացած գիտելիքն արդյունավետորեն կիրառել սոցիալական, կրթական և առողջապահական ուղղություններով։