ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Սմբատյանին
սեպտեմբերի 09, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այսօր ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Սմբատյանին և հաջողություններ մաղթել վերջինիս պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ՄՍԾ նախկին պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանին' նախընթաց ժամանակահատվածում կատարված աշխատանքի համար:
Միաժամանակ, Արսեն Թորոսյանն ընդգծել է Միասնական սոցիալական ծառայության ունեցած դերը ԱՍՀ նախարարության սոցիալական քաղաքականությունների կյանքի կոչման հարցում` հատուկ շեշտելով. «Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մեր քաղաքացիների գոհունակությանը: Մեր աշխատանքի հիմնական սկզբունքը պետք է լինի այն, որ մեր քաղաքացիները գոհ լինեն մեր մատուցած ծառայություններից: Նույնիսկ եթե որևէ քաղաքացի դիմում է որևէ ծառայության, որն իրեն օրենքով հասանելի չէ, միևնույն է այդ մերժումը պետք է լինի այնքան բարեհամբույր և բացատրված, որ նա դժգոհ չգնա ՄՍԾ-ից և ամբողջ նախարարությունից ու կառավարությունից»: