Նորություններ
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Bottegaio NoStrano» օրգանական խանութ, որտեղ աշխատանքի են ներգրավված հաշմանդամություն ունեցող անձինք
նոյեմբերի 25, 2025
Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլին Միլանում եղել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների ասոցիացիայի կողմից ղեկավարվող «Bottegaio NoStrano» օրգանական սննդի խանութում, որտեղ բոլոր հարմարեցումներն արված են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային պայմաններն ապահովելու համար։
Խանութի գործունեությունից առաջացած ողջ հասույթը օգտագործվում է հաշմանդամություն ունեցող անձանց ասոցիացիայի կարիքները հոգալու համար, որն իր հերթին զբաղվում է վերջիններիս անկախ կյանքը կազմակերպելու, տնային պայմաններում օգնականների ծառայությունների, ինչպես նաև այլ ներառական միջոցառումներ անցկացնելու համար։
Կարևորելով խոցելի խմբերի զբաղվածության, մատչելի և հավասար պայմանների ապահովման, սոցիալական ներառման և ինքնարտահայտման հնարավորությունների ստեղծմանն ուղղված աշխատանքները՝ նախարար Թորոսյանը շեշտել է, որ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելն այդ ճանապարհներից մեկն է։
«Bottegaio NoStrano» օրգանական սննդի խանութում նախարարները շփվել են աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ծանոթացել խանութի գործունեության կազմակերպման մանրամասներին, կատարել գնումներ։