Նորություններ

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ու  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել են Շիրակի մարզում գործող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների շուրջօրյա խնամքի հաստատություններ

դեկտեմբերի 03, 2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր այցելել են Շիրակի մարզում գործող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների շուրջօրյա խնամքի հաստատություններ։

«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներ կատարած այցի ընթացքում վերջիններս շրջել են կենտրոններում, հետևել ծառայությունների մատուցմանը վերաբերող ընթացիկ աշխատանքներին, զրուցել հաստատություններում բնակվող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։

«Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»-ում նախարարն ու մարզպետը նաև ծանոթացել են ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին, հետաքրքրվել կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչների առօրյայով։