Երբ ունեք առաջնային աջակցության կարիք, այսուհետ կարող եք դիմել www.hratapkariq.am
սեպտեմբերի 10, 2024
Հրատապ արձագանքման ենթակա իրավիճակներից տուժած անձանց և ընտանիքների առաջնային կարիքների հասցեագրման, ինչպես նաև հանրային ռեսուրսների արդյունավետ և հասցեական բաշխման կազմակերպման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է Հրատապ արձագանքման հարթակը, որը բարելավվել և արդիականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում։
Հրատապ արձագանքման հարթակի առաջնային կարիքի հաշվառման և սոցիալական աջակցության քարտեզագրման բաժինների միջոցով կազմակերպությունները և ֆիզիկական անձինք կկարողանան մեկտեղել առկա ռեսուրսները, իսկ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները, ըստ արձանագրած կարիքների, կպլանավորեն դրանց բաշխումը։
Հարթակը հնարավորություն կստեղծի արագ արձագանքել բնական, կլիմայական, տեխնոլոգիական կամ այլ աղետների, անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող հանգամանքներով ի հայտ եկած առաջնային կարիքներին։
Հարթակի միջոցով անձը կարող է ներկայացնել առաջնային կարիքները, եթե վերջին 72 ժամում տուժել է հետևյալ իրավիճակներից․
ü հեղեղում կամ ջրհեղեղ,
ü կարկտահարություն, ցրտահարություն, փոթորիկ կամ ուժեղ քամի,
ü երկրաշարժ, սողանք, փլուզում, հրդեհ,
ü համաճարակ, համավարակ, մեկուսացում։
Հրատապ արձագանք պահանջող իրավիճակ կհամարվեն նաև սոցիալական աշխատողի գնահատմամբ՝ կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող դեպքերը։
Հարթակի ծրագրային ապահովումը մշակվել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։