Նորություններ

Զբաղվածության ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար

սեպտեմբերի 05, 2025
Սյունիքի կամ Կոտայքի մարզում բնակվող և անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքները կարող են պետության աջակցությամբ ձեռք բերել կայուն աշխատանք։
Ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում անցնել մասնագիտական ուսուցում, մասնակցել աշխատանքային պրակտիկայի և ունենալ աշխատանք․ գործատուն ևս կստանա աջակցություն։
 
Մասնագիտական ուսուցման բաղադրիչի շրջանակում գործատուին կտրվի շահառուի ուսման վարձի փոխհատուցում՝ մինչև 250,000 դրամի չափով (մինչև 5 ամիս տևողությամբ)։ Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում՝ գործատուն կստանա նաև մինչև 50,000 դրամ աջակցություն՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման նպատակով։
 
Աշխատանքային պրակտիկայի բաղադրիչի շրջանակում գործատուին կտրամադրվի ամսական 165,000 դրամ փոխհատուցում (3 ամիս) շահառուի աշխատավարձի վճարման համար, իսկ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման համար՝ ամսական մինչև 50,000 դրամ (3 ամիս):
 
Աշխատանքի ձեռքբերման բաղադրիչի շրջանակում ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ։ Մասնավորապես՝ 6-11 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում 6 ամիս ժամկետով կտրամադրվի աջակցություն՝ շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 %-ի չափով (բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը), աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 12 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 %-ի չափով (բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամը):
Ծրագրից օգտվելու նպատակով և՛ անապահով ճանաչված անձինք, և՛ գործատուները պետք է նախապես գրանցվեն e-work.am հարթակում։