Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար
հունիսի 12, 2025
Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար։
Պայմանավորված այն հանգամանքով, որ անապահովության գնահատման նոր համակարգը փորձարկվում է նշված երկու մարզերում՝ ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝
· ուսուցում և աշխատանքի տեղավորում,
· աշխատանքային փորձի ապահովում և աշխատանքի տեղավորում,
· աշխատանքի տեղավորում՝ աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։
Աջակցության 1-ին ուղղությամբ՝ կարճաժամկետ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում (մինչև 5 ամիս ֆորմալ կրթություն), շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամ։ Գործատուն կորոշի, թե որտեղ և ինչ գիտելիք կստանա շահառուն՝ հաշվի առնելով, որ վերջինս պետք է աշխատի տվյալ գործատուի մոտ: Ծրագրի միջոցով պետությունը գործատուին կփոխհատուցի կրթական ծախսերը։
Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին 6 ամիս ժամկետով, ամսական մինչև 50,000 դրամի չափով կտրվի շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։
Աջակցության 2-րդ ուղղությամբ՝ նախատեսվում է գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և՝
· առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները,
· գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերը և պարտադիր վճարները փոխհատուցելու համար։
Աջակցության 3-րդ ուղղությամբ՝ ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ: Ընդ որում՝
· աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը,
· իսկ աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամը:
Միջոցառումը բխում է 2024 թ. դեկտեմբերին Կառավարության հաստատած 2025-2031 թթ. Զբաղվածության ռազմավարական ծրագրից և 2024-2025 թթ. հաստատված անապահովության գնահատման բարեփոխման նպատակներից։