Նորություններ

Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

ապրիլի 10, 2025

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։

Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք

·         չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում,

·         որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում),

·         որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք,

·         որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։

Դիմումները  կընդունվեն ապրիլի 22–ից` https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով դիմելու ընթացակարգի մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։