Նորություններ

Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և աշխատանքի ապագան» թեմայով պանելային քննարկմանը

հունիսի 26, 2025

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տյանցզին քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և աշխատանքի ապագան» թեմայով պանելային քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան հյուրեր, տեխնոլոգիական և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացները, արհեստական բանականության գործիքների կիրառմամբ իրականացվող նախաձեռնությունները, ինչպես նաև ՀՀ Զբաղվածության 2025-2031 թթ ռազմավարական ծրագրի հիմնական դրույթները։ 

«Արհեստական բանականության կիրառմամբ՝ մենք փորձում ենք փոխել խոցելի խմբերին ճանաչելու և աջակցելու ձևը։ Ներդրված համակարգը վերլուծում է համապարփակ տվյալներ՝ ժողովրդագրության, զբաղվածության, առողջության և կրթության ոլորտներից՝ խոցելի խմբերին բացահայտելու և սոցիալական ռիսկեր կանխատեսելու նպատակով՝ նախքան դրանց ի հայտ գալը։ Մեր խորքային նպատակը միայն վարչարարական արդյունավետությունը չէ, այլ՝ քաղաքացիների զորեղացումը, այսինքն՝ աջակցել շահառուներին հաղթահարել դժվարությունները և անցում կատարել ինքնաբավ և կայուն կենսակերպի»,- նշել է նախարարը։