Նորություններ

Հայաստանի Հանրապետությունը կունենա ժողովրդագրության  ռազմավարություն 2024-2040 թթ․ համար

հոկտեմբերի 17, 2024

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ ռազմավարությունը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։  

Ռազմավարությամբ սահմանվում են առաջիկա տարիների ժողովրդագրական զարգացման գերակայությունները և դրանց հասնելու արդյունավետ ճանապարհը, որոնք բխում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից։

Ըստ այդմ, փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական կայուն և ներառական աճին:  

Ռազմավարությամբ սահմանված թիրախային ծրագրերն ու միջոցառումները նախատեսվում է իրականացնել  հետևյալ ուղղություններով՝

ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։ Այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքները միտված են ստեղծել այնպիսի միջավայր, որը նպաստում է ընտանիքի բարեկեցությանը և որտեղ յուրաքանչյուր նորածնի  աշխարհ գալը նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։ Նախատեսվում է ներդնել նաև երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթաններ, ստեղծել մայրերի առողջության պահպանման բարելավված ծառայություններ՝ ստեղծելով կրթական և աշխատանքային ճկուն հնարավորություններ հղիության ու հետծննդաբերական շրջանում։ 

մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում`  մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը։ Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում  նախատեսվում է ապահովել բնակչության զանգվածային սպորտային մասնակցությունը, խթանել  ակտիվ կյանքն ու սպորտը։ Միջոցառումները կներառեն նաև կրթական ծրագրերի աջակցություն, որը հնարավորություն կտա մարդկանց կայացնել իրենց առողջության և բարեկեցության վերաբերյալ իրազեկ որոշումներ:

ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ։ Այս ուղղությամբ աշխատանքը կներառի բարելավված կանխարգելիչ առողջապահական ծառայություններ, որոնք հասցեագրում են համապատասխան մարտահրավերներն ու ռիսկերը՝ ապահովելով կրթության և վերապատրաստման հնարավորություններ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:

էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում: Այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքները ներառում են՝ Միգրացիայի վերաբերյալ տվյալների հավաքագրման բարեփոխում, ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) հետ համակցման բարելավում, ներքին միգրացիային հետևելու, ինչպես նաև դրա հոսքերը հավասարակշռելու մեխանիզմների ներդրում և այլն։

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ ռազմավարությունը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ․ գործընթացում ներգրավված են եղել համաշխարհային և առաջատար փորձագետներ, այդ թվում՝ Վիտգենշտայնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնից և Պրահայի Չարլզի համալսարանից: