Նորություններ

Հանրային քննարկման են ներկայացվել երեխաների հիմնահարցերի ոլորտում բարեփոխումներ նախատեսող մի շարք օրենքների նախագծեր

նոյեմբերի 08, 2022

Երեխաների իրավունքների խախտումների դեմ արդյունավետ պայքարի իրականացման, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության, վերջիններիս որդեգրմանն ու խնամատարությանն առնչվող որոշ հարցերի հստակեցման նպատակով՝ երեխաների հիմնահարցերի ոլորտում նախատեսվում է իրականացնել առանցքային բարեփոխումներ․ օրենքների նախագծերը հանրային քննարկման են ներկայացվել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է՝

  • ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային օրենսդրությանը՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները,
  • ամրագրել երեխայի լավագույն շահերի պարտադիր ապահովումն իրեն վերաբերող, ներառյալ՝ որդեգրման ու խնամատարության հարցերում,
  • հստակեցնել երեխայի պաշտպանության համակարգում խնամակալության և հոգաբարձության մարմինների, տարածքային կառավարման մարմինների ու լիազոր մարմնի լիազորությունները և երեխայի պաշտպանության ընթացակարգերը,
  • ամրագրել համայնքի սոցիալական աշխատողի հստակ գործառույթները երեխայի պաշտպանության ոլորտում՝ ապահովելով խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությունը մասնագիտական հիմքերի վրա,
  • ստեղծել երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդներ մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից երեխայի պաշտպանության գործռույթների իրականացմանն աջակցելու համար,
  • ամրագրել լիազորող նորմ, որով կսահմանվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը և այլն։

Նախագծերով առանձնացվում են նաև օտարերկրյա որդեգրման առանձնահատկությունները, իրավական որոշակիություն է ամրագրվում ՀՀ ընտանեկան օրենսգրքում, սահմանվում է ալիմենտի վճարների անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը։

Նախագծերը մշակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: