Հանրային քննարկման մասնակցության հրավեր՝ պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգի վերաբերյալ
օգոստոսի 26, 2024
Oգոստոսի 28-ին՝ ժամը 15։30-ին «Հոլիդեյ ինն» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 2) տեղի կունենա հանրային քննարկում՝ պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգի վերաբերյալ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է հետաքրքրված անձանց մասնակցելու նախատեսվող միջոցառմանը:
Հանրային քննարկման ընթացքում կներկայացվեն պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը, փոխկապակցված իրավական ակտերն ու այս ուղղությամբ միջազգային փորձը։
Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել kristine.stepanyan@mlsa.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Հանրային քննարկում» և ներկայացնելով Ձեր անուն-ազգանունն ու կոնտակտային հեռախոսահամարը։
Հայտերը կընդունվեն մինչև օգոստոսի 27-ը՝ ժամը 14։00-ն։
Քննարկմանը հնարավոր է մասնակցել նաև առցանց եղանակով՝ Zoom հարթակի միջոցով (մասնակցության ցանկություն հայտնած քաղաքացիներին կտրամադրվի նաև ուղիղ եթերի միացման հղումը)։
Հանդիպման ընթացքում կապահովվի ժեստերի լեզվով թարգմանություն․ մասնակիցների երեխաների ժամանցի կազմակերպման համար նախատեսվել է անհրաժեշտ կահավորմամբ սենյակ։
Հանրային քննարկումը կազմակերպվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։