Հաստատվել է «Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը»
հունվարի 16, 2025
«Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը» հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։
Այն սահմանում է համալիր միջոցառումներ և դրանց կազմակերպման կարգ, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:
Ռեաբիլիտացման ծրագիրը նպաստում է կանանց և երեխաների ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը:
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի ծրագրի բովանդակությունը և տևողությունը որոշվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տարիքը, սեռը, առողջական և սոցիալական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները, ընտանիքի կազմը, ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը, դրա դրսևորման ձևը, գործադրման տևողությունը, դրա գործադրմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ինչպես նաև այլ առանձնահատկություններ։ Ծրագրի մշակման համար անհրաժեշտ է ընտանեկան և կենցաղային բռնության գործադրած անձի գրավոր համաձայնությունը` նրա վերահսկողության պլանում ներառվելիք անձնական տվյալների մշակման համար։
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը ծրագրին կարող է մասնակցել նաև կամավոր։
Ծրագրի շահառու է համարվում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած այն անձը, ում նկատմամբ Ոստիկանության կողմից կայացվել է նախազգուշացում և ում նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում։
Ծրագրին մասնակցելու համար ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը կարող է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակված հասարակական կազմակերպությանը։
«Ընտանեկան եվ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման նոր կարգը: Առաջարկվող հատուցման նոր մոդելը լուծում է արտակարգ իրավիճակներում գտնվող ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հրատապ աջակցության խնդիրը՝ վերջինիս տրամադրելով միանվագ դրամական աջակցություն՝ հիմնված չափորոշիչներով սահմանված կարիքի գնահատման վրա։
Մոդելի հիմքում շահառուի և նրա խնամքին գտնվող խնամառուների կենսական նվազագույն պայմանների ապահովման գաղափարն է։
Հաշվի առնելով միջազգային փորձը՝ որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում ներդնել այնպիսի մոդել, որն ապահովում է բազային մակարդակի աջակցություն և կիրառելի է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար: Այն հնարավորություն է տալիս կիրառել ընդհանրական բանաձև, որը պարզ է կիրառման տեսանկյունից:
Առաջարկվող բանաձևն ընդգրկում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝ բազային արտակարգ վճար, բնակարանային նպաստ, խնամակալի աջակցություն: