Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը
ապրիլի 25, 2025
Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը։
Ռազմավարությամբ սահմանվում է գենդերային քաղաքականության վեց գերակայություն՝ ուղղված հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ոլորտային օրենսդրության բարելավմանը, տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության և ներուժի բարձրացմանը, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության ու բռնության բացառմանը և այլն։
Ըստ այդմ՝
· առաջին գերակայությամբ նախատեսվում է կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակում ապահովել և ընդլայնել գենդերային խտրականության հաղթահարման, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործման, կանանց և տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունները։
· երկրորդ գերակայությունն ուղղված է սոցիալ-տնտեսական բնագավառում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի գենդերային խզվածքի նվազմանն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը։
· երրորդ գերակայությամբ սահմանված քայլերը միտված են կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարմանը, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանմանը, հավասար հնարավորությունների ընդլայնմանը։
· չորրորդ գերակայությունն ուղղված է առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովմանը։
· հինգերորդ գերակայությամբ նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ գենդերային բռնության և խտրականության կանխարգելման ու հաղթահարման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն ուղղությամբ։
· վեցերորդ գերակայությունն ուղղված է կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն և գենդերարձագանքող մոտեցումների ձևավորմանը, ներառական սկզբունքների ապահովմանն ու իրազեկվածության բարձրացմանը։
ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագրի նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ԵՄ փորձագիտական խմբի աջակցությամբ և ոլորտային հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ։