Նորություններ

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների մասին

նոյեմբերի 23, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների մասին հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ ստորև․
 
❓ Կենսաթոշակի ու նպաստի նշանակման համար արդյոք այս պահին կարիք կա մոտենալ Միասնական սոցիալական ծառայության որևէ տարածքային կենտրոն։
☑️ Այս պահին` ո՛չ։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է համապատասխան օրենքները։ Այդ օրենքներով Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում առաջիկայում կսահմանվեն կենսաթոշակ նշանակելու պարզեցված ընթացակարգեր, կմշակվի և կներդրվի համապատասխան ծրագրային ապահովում։ Մանրամասներն առաջիկայում կներկայացվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում ու կայքէջում։
 
❓ Կա՞ որևէ քայլ, որը կենսաթոշակառուն և նպաստառուն պետք է անի այս պահին։
☑️ Այո՛, առայժմ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ իրենց բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով):
 
❓ Արդյոք որևէ իրավունք ձեռք բերում ենք անշարժ գույքի հանդեպ, եթե հաշվառվում ենք օրինակ՝ վարձակալած տան հասցեում։
☑️ Ո՛չ, հաշվառումը որևէ գույքային իրավունք չի տալիս։
 
❓ Եթե վարձով տան սեփականատերը թույլ չի տալիս հաշվառվել իր տան հասցեով, ի՞նչ անել։
☑️ Եթե նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում անձանց հաշվառելու վերաբերյալ, ապա Բնակչության պետական ռեգիստրում կատարվում է նշում անձի փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին․ այսինքն՝ հաշվառելիս կարող են նշել շենքի համարը կամ փողոցի անունը։
 
❓ Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադի՞ր է։
☑️ Ո՛չ, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը կամովի է։ Ձեր ունեցած ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, ինչպես նաև բնակության վայրում հաշվառումը բավարար են կենսաթոշակի կամ նպաստի նշանակման համար։
 
❓ Արդյոք օրենքներով սահմանված նոր կարգավորումները, բացի տարիքային աշխատանքային կենսաթոշակից, վերաբերում են նաև զինվորական կենսաթոշակին, ծերության նպաստին, երեխայի խնամքի նպաստին, չաշխատող մայրերի մայրության նպաստին, հաշմանդամության նպաստին, կերակրողին կորցնելու նպաստին։
☑️ Այո՛, կարգավորումները վերաբերում են նշված բոլոր վճարատեսակներին։
 
❓ Արդյոք ստանալու ենք կենսաթոշակ ու նպաստ նույն չափով, որքան ԼՂ-ում։
☑️ ՀՀ-ում կենսաթոշակ ու նպաստ տրամադրվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով։