Նորություններ
ՀՀ-ում մեկնարկել է «Ըննդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը
նոյեմբերի 25, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մասնակցել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին նվիրված միջոցառմանը․ քննարկվել են թվային տիրույթում առկա գենդերային բռնության դրսևորումները, կանխարգելման ու արձագանքման մեխանիզմները։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է ընտանեկան բռնության ենթարկված կանանց պաշտպանության և աջակցության նոր մեխանիզմների ներդրման, ոլորտում ժամանակակից թվային գործիքների կիրառմանն առնչվող հարցերին՝ որպես դեպքերի կանխարգելման, վաղ հայտնաբերման, երկարաժամկետ արդյունքներ ապահովող միջոցներ։ Վերջինիս խոսքով՝ արդեն իսկ գործարկվող ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համակարգը հնարավորություն է տալիս մշակել առավել փաստահեն ու համակարգային պետական քաղաքականություններ։
Ներկայացվել է նաև «Safe You» թվային հարթակի նոր լուծումները` ուղղված կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ու բռնության դեպքերի համարժեք ու արագ արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացմամբ, Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։