Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3323 ընտանիք․ իրացվել է 1237-ը
նոյեմբերի 07, 2025
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3323 ընտանիք (13308 անձ), որից 1237֊ը (5333 անձ) արդեն իրացրել է հավաստագիրը։
Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
· բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
· անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
· գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝
· տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
· ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· չունեն սեփականություն,
· չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։