Նորություններ

Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն ընդունել է Տաջիկստանի եվ Ուզբեկստանի կառավարությունների ներկայացուցիչներին

փետրվարի 09, 2026
Համաշխարհային բանկի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների սոցիալական պաշտպանության գրասենյակի կողմից կազմակերպված ուսումնական այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների համապատասխան ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունները գլխավորում են Տաջիկստանի Հանրապետության առողջապահության և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Մուհիդդին Խաբիբուլո Խաիրուլոզոդան և Ուզբեկստանի Հանրապետությունում «Միջազգային ներառական կենտրոն» ներառական մասնագիտական կրթության միջազգային կենտրոնի նորարարական կրթական ծրագրերի և նախագծերի մշակման վարչության պետ Տատյանա Անը։
 
Հանդիպման ընթացքում Լուսինե Քոչարյանը ներկայացրել է ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող սոցիալական պաշտպանության հիմնական ծրագրերը՝ անդրադառնալով դրանց ընթացքին և արդյունքներին։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հետաքրքրվել են սոցիալական պաշտպանության համակարգում կիրառվող գործող մեթոդաբանություններով և գործառնական մոդելներով, որոնք հաջողությամբ մշակվել և ներդրվել են Հայաստանում՝ սոցիալական պաշտպանության ծրագրային աջակցության շրջանակում։
 
Նախարարի տեղակալը, մասնավորապես՝ ներկայացրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման մոդելը, սոցիալական աշխատանքի շրջանակում դեպքի վարման մոտեցումները, սոցիալական աշխատողների ինստիտուցիոնալ կարգավորումները, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։