Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Գենդերային հավասարության խթանում և ներդրումներ խնամքի ոլորտում» խորագրով հանրային քննարկմանը

հոկտեմբերի 30, 2025
ՄԱԿ-ի կողմից սահմանված Խնամքի և աջակցության միջազգային օրվա շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի հետ մասնակցել է «Գենդերային հավասարության խթանում և ներդրումներ խնամքի ոլորտում» խորագրով հանրային քննարկմանը։
 
Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության համատեղ նախաձեռնության շրջանակում՝ քննարկվել են գենդերային հավասարության, խնամքի աշխատանքի, բոլոր ոլորտներում կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովմանն ուղղված մի շարք հարցեր․ քննարկման շրջանակում ընդգծվել է «արժանապատիվ աշխատանքի և խնամքի տնտեսության» բանաձևի կարևոր դերը՝ պետական զբաղվածության և խնամքի վերաբերյալ քաղաքականությունների ձևավորման գործում։
 
Իր ելույթում՝ նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն իրականացնում է գենդերային հավասարության և կանանց հզորացման քաղաքականություն՝ հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի կարևորությունը՝ մանրամասնելով Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրում և Գենդերային քաղաքականության 2025-2028թթ. ռազմավարությունում այս ուղղությամբ սահմանված գերակայությունները։