Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «WISE» բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն հիմնադրամի զարգացման տեսլականի վերաբերյալ քննարկմանը

մայիսի 03, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «WISE» բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն հիմնադրամի (նախկին «Նորք» տեխնոլոգիաների կենտրոն) կողմից վերջին վեց ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների և զարգացման տեսլականի վերաբերյալ քննարկմանը։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Արաիկ Եսայանը, «WISE» հիմնադրամի տնօրեն Արմինե Հովսեփյանը, ՄՍԾ պետի տեղակալներ Աննա Մկրտումյանը, Լիանա Թովմասյանը և Աննա Բեգլարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրից (ՄԱԶԾ)։
 
Ներկայացվել է հիմնադրամի զարգացման տեսլականը, նոր բրենդինգը, համաձայն որի` թվային ծառայությունների մատուցման ոլորտում կազմակերպության գործունեությունը ուղղված կլինի մարդակենտրոն, տվյալահեն և ժամանակակից թվային միջավայրի ձևավորմանը։
 
Կարևորելով սոցիալական պաշտպանության համակարգը միասնական թվային միջավայրում համախմբելու գաղափարը՝ նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ իրականացվող թվային փոխակերպումները միտված են ձևավորելու այնպիսի համակարգ, որտեղ մատուցվող ծառայությունները կլինեն ոչ միայն թվայնացված, այլև փոխկապակցված, մարդակենտրոն, հասանելի և արդյունավետ։
 
Քննարկման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Արաիկ Եսայանը, «WISE» հիմնադրամի տնօրեն Արմինե Հովսեփյանը, ՄՍԾ պետի տեղակալ Լիանա Թովմասյանը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի նորարարության և կայուն ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը։ «WISE» հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված ծրագրերը, ներդրվելիք թվային նոր գործիքներն ու նախաձեռնությունները։
 
Քննարկումը կազմակերպվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի աջակցությամբ` ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում: