Նորություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ

հունիսի 13, 2025

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։  

Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային գերակայությունները՝  շեշտելով ՀՀ Զբաղվածության և Ժողովրդագրության ռազմավարություններով հաստատված միջոցառումների կարևորությունը՝ սահմանված առաջնահերթությունների իրականացման գործում։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է նաև միջազգային գործընկերների, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) դերը՝ ուղղված ոլորտային բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ինտեգրմանն ու սոցիալական աջակցության գործընթացի ապահովմանը։ 

Ընդգծելով Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային ՀՀ անդամակցության կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ սոցիալական արդարության խթանման ուղղությամբ ՀՀ-ն շարունակում է գործուն քայլեր իրականացնել․ մասնավորապես՝ կազմակերպվել են սոցիալական արդարությանը նվիրված մի շարք միջոցառումներ՝ միավորելով տարբեր բարձրաստիճան հյուրերի, քաղաքականության մշակողների, քաղաքացիական հասարակության գործիչների և այլն։ 

Նախարարը նշել է, որ այս տարի ևս, արդեն երրորդ անգամ, Հայաստանում տեղի կունենա նմանօրինակ միջազգային համաժողով, որի շրջանակում կքննարկվեն արժանապատիվ աշխատանքին, Կոալիցիայի շրջանակում ունեցած ձեռքբերումներին, ոլորտային մարտահրավերներին ու համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։

Գիլբերտ Հունգբոն ևս ընդգծել է հայկական կողմի հետ ունեցած արդյունավետ համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում դրական գնահատել ոլորտում արձանագրված առաջընթացը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների զարգացման ուղղությամբ։