Նախարար Նարեկ Մկրտչյանը Շիրակի մարզում այցելել է երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ
փետրվարի 25, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։
Վերջիններս նախ եղել են Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շփվել հաստատությունում խնամք ստացող ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
Նարեկ Մկրտչյանը, Արտուշ Հովհաննիսյանն ու Սարիկ Մինասյանը եղել են Գյումրիում գործող, երեխաներին խնամք մատուցող երկու հաստատություններում՝ Գյումրու «Երեխաների տանը» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում»։
Շրջայցերի ընթացքում վերջիններս հանդիպել են երեխաներին, մասնագետների հետ քննարկել ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր: