Նորություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին

հուլիսի 30, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՍՀ նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Տաթևիկ Ստեփանյանը, Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել «Save Armenia» կազմակերպության գործունեությունը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության ու ծրագրերի հանդեպ կազմակերպության ներկայացուցիչների ցուցաբերած հետաքրքրվածության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում նախարարը մասնավորապես ներկայացրել է 2020-2025 թթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված և ընթացիկ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։ Խոսվել է սոցիալական պաշտպանության, զբաղվածության, բնակապահովման և այլ ոլորտներում իրականացված տասնյակ ծրագրերի մասին՝ մանրամասնելով դրանց նպատակները, շահառուների շրջանակը, ֆինանսական միջոցները, ընթացքն ու արդյունքները։ 

Նախարարն անդրադարձել է նաև խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին՝ մասնավորեցնելով երեխաներին, ավագ սերնդի ներկայացուցիչներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները։ Ըստ այդմ՝ ներկայացվել է հասարակական կազմակերպություններին ծառայությունների արտապատվիրակման մեխանիզմը՝ որպես ծառայությունների արդյունավետ մատուցման գործիք։ 

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետությունն ու զարգացման հնարավորությունները, գործող հարթակները, առկա մարտահրավերները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները։

Անդրադարձ է արվել նաև ոլորտային գործող համագործակցությունների հարթակներին՝ այդ համատեքստում կարևորելով խնամատարության, արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության ուղղություններով կայացած համաժողովները, որոնք դարձել են շարունակական ու արդյունավետ երկխոսությունների պլատֆորմ։