Նորություններ
Ներկայացվել է Հրատապ արձագանքման հարթակի հիմնական գործառույթներն ու գործիքակազմը
դեկտեմբերի 24, 2024
Սոցիալական աջակցության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված Հրատապ արձագանքման հարթակի հիմնական գործառույթներին ու գործիքակազմին։
Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների դերը հրատապ աջակցության կարիք ունեցող անձանց թիրախային օգնություն տրամադրելու գործընթացում և այս համատեքստում ընդգծել Հրատապ արձագանքման հարթակի մշակման անհրաժեշտությունը։ Աննա Ժամակոչյանի խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց ներկայացնել իրենց հրատապ կարիքները և ստանալ հասցեական աջակցություն, իսկ գործընկեր կազմակերպությունները կարող են իրենց կողմից տնօրինվող ռեսուրսները գույքագրել հարթակում և շահառուներին տրամադրել ավելի համակարգված թիրախային օգնություն։
Նախարարի տեղակալը նաև նշել է, որ Hratapkariq.am հարթակում ներդրված են նույնականացման ինքնաշխատ մեխանիզմներ, որոնց օգնությամբ սոցիալական աշխատողը կարողանում է հեշտությամբ նույնականացնել անձին, ապա վերջինիս կարիքին համապատասխան աջակցություն առաջարկել և կազմակերպել գործընթացը։
Քննարկման ընթացքում «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը ներկայացրել է Hratapkariq.am հարթակի գործիքակազմը։
Մասնակիցները «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետների աջակցությամբ և ԱՍՀ նախարարության աշխատակիցների ուղղորդմամբ հնարավորություն են ունեցել փորձարկել հարթակը՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացվող աջակցության ծրագրերը։