Նորություններ

Պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը

նոյեմբերի 06, 2025

Կառավարության այսօրվա որոշմամբ պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։

Նախագծի ընդունմամբ էականորեն արագանալու է կենսաթոշակների նշանակման գործընթացը, կրճատվելու է քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։

• Ընդլայնվելու է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկն ընդլայնվելու է ի հաշիվ 1992-2004թթ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։

• Միասնականացվելու է աշխատանքային ստաժը հաստատելու ընթացակարգը՝ 1992–2013թթ․ ժամանակահատվածների աշխատանքային ստաժը հաստատելիս աշխատանքային գրքույկի պատշաճ գրառումների և ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելու տեղեկատվության առկայության դեպքում աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր չեն պահանջվի։

• Պարզեցվելու է Ղարաբաղում աշխատած անձանց աշխատանքային ստաժը հաստատելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի արխիվները հիմնականում չեն պահպանվել։ Սա նշանակում է, որ Ղարաբաղի տարածքի համար 1992-2013թթ աշխատանքային ստաժը կհաստատվի նաև այն դեպքերում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթերը։

• Մշակվելու և ներդրվելու են ծրագրային գործիքներ, որոնք հնարավորություն են տալու ինքնաշխատ եղանակով հաշվարկել քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների ստաժը և ձևավորել սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկանքներ։

• Հստակեցվելու են աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները:

•  1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է (զբաղեցրել է պաշտոն)՝

1)             Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում

2)             Ազգային ժողովում (Գերագույն Խորհրդում)

3)            Հայաստանի Հանրապետության դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատներում 

4)            Հայաստանի Հանրապետության կառավարությունում

5)            Հայաստանի Հանրապետության նախարարությունում

6)            Հայաստանի Հանրապետության վարչությունում, պետական վարչությունում

7)             պետական տեսչությունում, տեսչությունում

8)            Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնում

9)            Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գլխավոր վարչությունում

10)          պետական կոմիտեում

11)           պետական հանձնաժողովում

12)           պետական հիմնարկում

13)           Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններում

14)           պետական այլ մարմնում

15)           պետական նոտարական գրասենյակում

16)          Քաղաքացիական կացության  ակտերի գրանցման տարածքային բաժնում

17)           Մետաղափորձարկման հսկողության ազգային պալատում

18)          Թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանում

19)          ձեռնարկությունների պետական ռեգիստրում

20)          ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում և նրա ինստիտուտներում

21)           մարզպետարանում, Երևանի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքապետարանում

22)          Հայաստանի Հանրապետության բանկերում, Կենտրոնական բանկում

23)       բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, գյուղական առողջության կենտրոններում դիսպանսերներում,  ատամնաբուժարաններում, լաբորատորիաներում և այլն)

24)          ուսումնական հաստատությունում

25)          թատրոններում, կինոթատրոններում

26)           քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում

27)      ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 6, 7 հավելվածներում նշված կազմակերպություններում՝ անկախ այդ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնից կամ կատարած աշխատանքից

28)          սույն կետի 1-24-րդ ենթակետերում նշված մարմինների (կազմակերպությունների) տարածքային բաժանմունքներում (բաժիններում, կենտրոններում), վարչություններում։