Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ Կոտայքի մասնաճյուղ
հուլիսի 08, 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ այժմ խնամք և դաստիարակություն է ստանում նախկին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի առանց ծնողական խնամքի մնացած 70 երեխա։
Վարչապետ Փաշինյանն ու նախարար Մկրտչյանը՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի հետ շրջել են կենտրոնի տարածքով, հյուրընկալվել կազմակերպության խնամքի ներքո գտնվող երեխաներին, շփվել նրանց ու աշխատակիցների հետ։ Սպարտակ Սարգսյանը ներկայացրել է մանրամասներ՝ հիմնադրամի գործունեության, երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակի և ընթացիկ այլ աշխատանքների վերաբերյալ։
Նշենք, որ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում նախկին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը կազմակերպվում է ընտանեկանին մոտ միջավայրում՝ 10 տներում, որոնցում բնակվում է առավելագույնը 8 երեխա․ վերջիններիս խնամքով զբաղվում են հատուկ վերապատրաստված մասնագետներ։