Նորություններ

Տեղի է ունեցել Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված կազմով հանդիպումը

մարտի 04, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության և Եվրոպայի խորհրդի համանախագահությամբ տեղի է ունեցել Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված կազմով հանդիպումը։
 
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
 
Տաթևիկ Ստեփանյանն իր խոսքում անդրադարձել է 2025 թ․ ընթացքում երկրում գենդերային հավասարության ապահովման, գենդերային, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ միաժամանակ ներկայացնելով 2026 թ․ առաջնահերթությունները։
 
Հանդիպման ընթացքում ԱՍՀ նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025–2028 թթ. ռազմավարության կատարման տարեկան զեկույցի նախագիծը, որը մշակվել է պետական, տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։
 
Քննարկվել են որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ընդլայնման, նրանց տնտեսական հզորացման խթանման, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։
 
Միջոցառումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։