Նորություններ

Տեղի է ունեցել «Ինչպես լուսաբանել մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը». դասընթաց լրագրողների և լրատվության պատասխանատուների համար

սեպտեմբերի 20, 2024

Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հանրային իրազեկումների շրջանակում՝  ՀՀ աշխատաքի և սոցիալական հարցերի նախարարության և Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության համագործակցությամբ կայացել է  «Ինչպես լուսաբանել մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը» թեմայով դասընթաց՝ լրագրողների և պետական կառույցների հաղորդակցության մասնագետների համար։

Մեկօրյա դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում 2023-2024 թթ-ին մարդկանց թրաֆիքինգի վիճակագրությանն ու իրավիճակին, լրագրողական էթիկայի նորմերին և թրաֆիքինգի զոհի հետ հարցազրույց անցկացնելու նրբություններին, տեղեկատվության ու հաղորդակցության տեխնոլոգիաներին, թրաֆիքինգի զոհերի ուղղորդման և աջակցման մեխանիզմներին, ինչպես նաև ոլորտը կարգավորող միջազգային և ազգային օրենսդրությանը։

Դասընթացը վարել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի  բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը և այլ փորձագետներ։ 

Դասընթացը՝ որպես մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հանրային իրազեկում, անցկացվել է «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում` Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից։