Տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող խորհրդի առաջին հանդիպումը
փետրվարի 04, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող խորհրդի առաջին հանդիպումը։
Քննարկման աշխատանքներին ներկա են եղել նաև Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վեդրան Յան-Քյելդսենը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող քաղհասարակության անդամներ։
Իրականացվող ծրագրի նպատակն է ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված դրույթների համաձայն ամրապնդել շահագրգիռ կողմերի կարողություններն ու համագործակցությունը։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, որի շրջանակում իրականացվելու է շուրջ 25 միջոցառում։
Ընտանեկան և կենցաղային բռնության ոլորտում կարևորելով նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությամբ արդեն իսկ իրագործված ծրագրերի արդյունավետությունը՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ վերջին տարիներին ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում ձեռքբերված առաջընթացը համատեղ աշխատանքների և ջանքերի ներդրման արդյունք է։ Վերջերս փոփոխված օրենքի ու մշակվող ենթաօրենսդրական փաստաթղթերի շնորհիվ կստեղծվեն նաև թվային հարթակներ ու հաշվառման մեխանիզմներ, որոնք թույլ կտան ունենալ գործուն և տեսանելի արդյունքներ՝ նպաստելով ընտանեկան և կենցաղային բռնության դեմ համապարփակ պայքարի զարգացմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակների ուժեղացում՝ Հայաստանի օրենսդրությունն ու կանոնակարգերը համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի ստանդարտներին։ Մոտեցումների, կարողությունների և իրազեկվածության բարձրացում՝ կատարելագործելու ոլորտային կառույցների աշխատակիցների, կրթական և մեդիա ոլորտի մասնագետների և քաղաքացիական հասարակության գիտելիքները և հմտությունները՝ կանանց նկատմամբ բռնության/ընտանեկան և կենցաղային բռնության, գենդերային հավասարության խթանման և կարծրատիպերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ մշակելու համար։
Կանանց հզորացում, հատկապես փախստական կանանց և աղջիկների՝ ավելի հեշտացնելու նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական, հասարակական և սոցիալական կյանքում և ապահովելու նրանց պաշտպանությունը բռնությունից։
«Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն իրականացվելու է Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ։