Նորություններ

Տեղի է ունեցել «Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանումը» թեմայով աշխատաժողովը

դեկտեմբերի 04, 2025

Սոցիալական գործընկերության շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Գործատուների հանրապետական միության համագործակցությամբ  և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանումը» թեմայով աշխատաժողովը։ 

Աշխատաժողովին մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՄԿ  Գլոբալ Ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրին, ՄԱԿ մշտական համակարգողի ժ/պ Մոնիկա Սանդրին, շահագրգիռ գերատեսչությունների, սոցգործընկերության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Քննարկվել են ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշներին, աշխատաշուկայի պահանջներին և միտումներին, սոցիալական տարբեր խմբերի զբաղվածության խթանման, աշխատուժի պրոֆիլավորմանն ուղղված մի շարք հարցեր։

Կարևորելով զբաղվածության պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումն ու մրցունակ աշխատուժի ձևավորումը՝ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրը մարդու արժանապատվության, աշխատանքային իրավունքների, սոցիալական պաշտպանության, արդար մրցակցության և երկրի երկարաժամկետ զարգացման հիմնարար հարցերից է։ Վերջինիս համոզմամբ՝  խնդիրների լուծումը եռակողմ գործընկերության, տվյալների վրա հիմնված քաղաքականության և բոլոր կողմերի ջանքերի մեկտեղման արդյունքում է։ 

Աշխատաժողովին «Սիվիտա Էյէմ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է նաև Հայաստանի ոչ ֆորմալ տնտեսության ուսումնասիրությունը. ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշներ, աշխատաշուկայի վերլուծություն, արտադրողական աճի հնարավորություններ, ֆորմալ տնտեսության անցման մեխանիզմներ։ 

Պանելային քննարկումների ընթացքում բանախոսները անդրադարձել են զբաղվածության ռազմավարության միջոցառումներին, զբաղվածության ոլորտում մրցունակ անձանց ներգրավման, աշխատաշուկայում գենդերային անհամամասնությունների նվազեցման հարցերին։