Նորություններ

Տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

դեկտեմբերի 20, 2024
Գործադիր և օրենսդիր մարմինների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։
 
Քննարկման ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։
 
Բանախոսներն ընդգծել են Զբաղվածության ռազմավարության մշակման կարևորությունը՝ նշելով, որ փաստաթուղթն ամենաքննարկված, ամենամասնակցային և ամենաներառական փաստաթղթերից մեկն է, որի կազմման շուրջ աշխատանքները տևել են շուրջ երեք տարի և ընդգրկել տարբեր վերլուծություններ ու 50-ից ավելի քննարկումներ։
 
«Ամերիա» խորհրդատվական ընկերության գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է Զբաղվածության ռազմավարության մեթոդաբանական հիմքերը, կառուցվածքը, հիմնական շեշտադրումներն ու արդյունքային շրջանակը։
 
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկներով։
 
Հանրային քննարկումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ընտրություններին և քաղաքական գործընթացներին ուղղված գործունեության» ծրագրի շրջանակում։