Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
դեկտեմբերի 05, 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը։
Նիստին ներկա են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ ու ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու նախատեսվող միջոցառումները։ Նախարարը, մասնավորապես՝ անդրադարձել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի, անձնական օգնականի ծառայության ներդրման, փոքր խմբային տների ընդլայնման, անկախ կյանքի կենտրոնների կառուցման, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման ու անհրաժեշտ այլ ծառայությունների մատուցման ուղղություններով իրականացվող աշխատանքներին։
Օրենսդրական բարեփոխումների շրջանակում ընդգծվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունման և դրանցից բխող բարեփոխումների անհրաժեշտությունը։ Խոսելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնման կարևորության մասին՝ Արսեն Թորոսյանը նշել է, նոր համակարգն ապահովում է տվյալահեն քաղաքականություն, ինչը թույլ է տալիս մշակել հասցեական ծառայություններ՝ ըստ տարիքի, սահմանափակման տեսակի և իրական կարիքների։ Նախարարի խոսքով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ՝ նախկին և նոր համակարգերում ներառված է հաշմանդամություն ունեցող 197046 անձ, այդ թվում՝ 9356 երեխա: Նրանցից 24.4%-ը, այսինքն՝ 48 211 անձ (այդ թվում՝ 4600 երեխա) արդեն գնահատված է ֆունկցիոնալության գնահատման համակարգով:
Անդրադառնալով Անձնական օգնականի ծառայությանը՝ նախարար Թորոսյանը նշել է, որ այս պահի դրությամբ ծրագրից օգտվում է 204 քաղաքացի․ նախատեսվում է ապահովել ծառայության շարունակականությունն ու ընդլայնումը: Նախարարի խոսքով՝ ընդլայնվում է նաև փոքր խմբային տների գործունեությունը, որոնք մեծ հաստատություններից դեպի համայնք անցումային խնամքի ծառայություններ են մատուցում․ ներկայում 5 փոքր խմբային տներում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 70 անձ ստանում է շուրջօրյա խնամք՝ ընտանիքին մոտ պայմաններում: Արմավիրի մարզում կառուցվում է առաջին անկախ կյանքի կենտրոնը, որը կտրամադրի խոսքի թերապիայի, հոգեբանական աջակցության, հատուկ մանկավարժության և այլ ծառայություններ՝ ըստ անհատական կարիքների։
Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի ծառայությունների ընթացքից՝ Արսեն Թորոսյանը նշել է, 2025 թվականից տնային խնամքի ծառայություններ է տրամադրվում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ընդհանուր առմամբ, տնային խնամքի ծառայություններից օգտվում է 1325 անձ, որից՝ 624-ը հաշմանդամություն ունեցող անձինք: Շարունակվում է նաև պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը․ 2025 թ. ավելի քան 15,000 քաղաքացու տրամադրվել է 33,000 աջակցող միջոց։
Նիստը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները բարձրաձայնել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ստացել անհրաժեշտ պարզաբանումներ։