Տեղի է ունեցել պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգի վերաբերյալ հանրային քննարկումը
օգոստոսի 29, 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ շահագրգիռ գերատեսչությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգի վերաբերյալ հանրային քննարկումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, միջազգային գործընկերներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող կարգը, փոխկապակցված իրավական ակտերը, խնդիրների շրջանակը և միջազգային լավագույն փորձից բխած առաջարկները։
Նախատեսվող կարգի մշակման անհրաժեշտությանն ու սահմանված նպատակներին անդրադառնալով՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ սա ևս մեկ քայլ է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին որակյալ և հասցեական ծառայություն մատուցելու գործընթացում։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ մշակվող իրավական ակտը հաշմանդամություն ունեցող անձի ինքնուրույն կյանք վարելու և այլոց հետ հավասար հնարավորություններով հասարակական կյանքին մասնակցելու իրավունքների ու հնարավորությունների իրագործման տրամաբանական շարունակությունն է։
Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասնել են նոր կարգի առանձնահատկությունները․ 2026 թվականի նոյեմբերի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում և ցերեկային կենտրոններում մատուցվող խնամքը, ինչպես նաև սոցիալ-վերականգնողական ծառայություններն իրականացվելու են միայն պետական հավաստագրերի միջոցով, հաշմանադմություն ունեցող անձը իրավասու է լինելու ընտրել օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող այն կազմակերպությանը, որտեղից ցանկանում է ստանալ ծառայությունը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
Հանրային քննարկումը կազմակերպվել է ԱՍՀ նախարարության նախաձեռնությամբ, Վորլդ Վիժն Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար սոցիալական պաշտպանության ռազմավարությունների, քաղաքականության և ծրագրերի կատարելագործմանը նոր ծառայությունների խթանման միջոցով, որոնք նպաստում են նրանց անկախ, ինքնուրույն կենսագործունեությանը» «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» և «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրերի շրջանակում։