Քննարկում ՀԿ ներկայացուցիչների հետ՝ ԱՍՀ նախարարության բյուջետային գործընթացի վերաբերյալ
հունիսի 27, 2025
Պետական բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցայնության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացների խթանման նպատակով՝ տեղի է ունեցել «Սոցիալական պաշտպանություն 2026․ քաղաքականություն և բյուջե» թեմայով խորհրդատվական հանդիպում։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը, B4C ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը․ հանդիպմանը ներկա են եղել սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բանախոսներն ընդգծել են բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացման, վերջիններիս հետ ավելի սերտ հաղորդակցության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունների ձևավորման և բյուջետային հարցերով որոշումների կայացման գործընթացներում։
B4C ծրագրի ՏԶՀԿ/EDRC բաղադրիչի ղեկավար Կարինե Հարությունյանը խոսել է բյուջետային գործընթացում հանրության ներգրավման ընթացիկ հնարավորությունների մասին․ ծրագրի բյուջետային փորձագետ Լիլիթ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ 2026-2028 թթ․ ՄԺԾԾ սոցիալական պաշտպանության ծախսերն ու ուղղությունները, անդրադարձել ոլորտային գերակայություններին և նոր նախաձեռնություններին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները՝ ԱՍՀՆ ԿՍԱԳՀ Գայանե Ղարագյոզյանը, Ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին և Զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Բուբուշյանը խոսել են անապահովության գնահատման նոր համակարգի, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, բնակապահովման և զբաղվածության ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտների բյուջետային գործընթացին առնչվող այլ հարցերի մասին։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները հանդես են եկել առաջարկներով և դիտարկումներով։
Քննարկումը կազմակերպվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից։