Քննարկում՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ
հունվարի 20, 2024
ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության, Կոտայքի և Սյունիքի մարզպետարանների, այդ մարզերի խոշորացված համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել «Ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը ՀՀ Սյունիքի և Կոտայքի մարզերում» թեմայով քննարկում։
Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Ընդգծելով անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման կարևորությունը՝ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է նախատեսվող գործընթացի հիմնական շրջանակը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նոր համակարգը, որը պիլոտային եղանակով նախ կներդրվի Կոտայքի և Սյունիքի մարզերում, մշակվել է՝ հիմնվելով ինչպես միջազգային, այնպես էլ տեղական փորձի ուսումնասիրության վրա։
«Մեզ համար կարևոր է, որ և՛ մարզպետարանների, և՛ համայնքների, և՛ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկվածության նույն մակարդակն ունենան։ Այս քննարկումը նպատակ ունի ներկայացնելու, թե ԱՍՀ նախարարության կողմից ռազմավարական ինչ փոփոխություններ են նախատեսվել՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, և ինչպես են դրանք իրականացվելու»,- նշել է նախարարի տեղակալը։
Իր խոսքում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշել է, որ ուրախ է ներկա լինել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ հանդիպմանը, ինչպես նաև ներդրում ունենալ այս կարևոր բարեփոխման իրականացման գործում․ «Հուսով եմ, որ նոր համակարգով առավել թիրախային աջակցություն կտրամադրվի Հայաստանում դրա կարիքն ունեցող ընտանիքներին։ Լիահույս եմ նաև, որ բարեփոխումն իր ազդեցությունը կունենա Հայաստանում աղքատության մակարդակի նվազեցմանը և կբարելավի շահառու ընտանիքների կյանքի որակը»։
«Այս բարեփոխման միջոցով ծայրահեղ աղքատության դեմ պայքարը Հայաստանում առաջնահերթություն է դառնում։ Դրան զուգահեռ շարունակվում են ջանքերը՝ բարելավելու երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են՝ կրթությունը, առողջապահությունը, դեպքի վարումը»,- հայտնել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը՝ նշելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել նախարարությանը այս կարևոր նախաձեռնությունների ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը ներկայացրել է նոր համակարգի ներդրման կազմակերպական աշխատանքները։ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անահիտ Պարզյանը մանրամասնել է Ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի թվային ապահովման գործիքները։