Քննարկվել են հակամարտությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներն ու դրանց առնչվող մի շարք խնդիրներ
նոյեմբերի 23, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր իրադարձությունների, մասնավորապես՝ հակամարտությունների հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ոտնահարման, բռնաճնշումների և խոշտանգումների, ինչպես նաև անցումային արդարադատության հետ կապված հարցերը։
Կարևորելով մարդու ապահով կյանքի և երաշխիքների տրամադրման գործընթացում սոցիալական պաշտպանության դերը՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց, գենդերային հավասարության, ընտանեկան բռնության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Նշվել է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ու ըստ գնահատված կարիքի տրամադրվող ծառայությունների, նրանց իրավունքների իրացման և պաշտպանության մասին։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խոշտանգումների դեպքերի, արժանապատվության խախտումների, իրավունքների ոտնահարման, ԼՂ-ի խնամքի հաստատություններում բնակված անձանց՝ երեխաների և տարեցների լիարժեք խնամքի կազմակերպման գործընթացին, ինչպես նաև Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։
Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության դերը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների գնահատման և ապահովման գործընթացում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով շարունակել վերը նշված հարցերի շուրջ քննարկումները։