Նորություններ
Քննարկվել են հավասար հնարավորությունների ապահովման ոլորտի 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները
մայիսի 27, 2026
Բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներում կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումն ու մասնակցությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը, նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարության աշխատակիցները ներկայացրել են երեխաների, կանանց և մարդկանց թրաֆիքինգի, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտների 2027 թ․ բյուջետային գործընթացի, մասնավորապես՝ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, բյուջետային հայտերի որակի գնահատման մեխանիզմներն ու արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնությունները։
Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ բանախոսներն ընդգծել են, որ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման գործընթացը կարևոր նախապայման է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցելու հասցեական և լիարժեք ծառայություններ։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ներկաները խոսել են մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, խնամքի կազմակերպման նոր գործիքակազմի, պետություն-քաղհասարակության համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։
Հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱՍՀ նախարարության և Եվրոպական Միության համագործակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան (2-րդ փուլ)» ծրագրի շրջանակում։