Քննարկվել են հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտային օրենսդրության ու մատուցվող ծառայությունների բարելավման մեխանիզմները
փետրվարի 28, 2025
Հայաստանում գտնվող փախստականներին, հյուրընկալող համայնքի երեխաներին, դեռահասներին ու ծնողներին ցուցաբերվող հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության ծառայությունների հասանելիությունը կընդլայնվի․ Ճապոնիայի կառավարության՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ «Հոգեկան առողջության և հոգեբանական աջակցություն Հայաստանում Լեռնային Ղարաբաղի փախստականների և հյուրընկալող համայնքի երեխաներին և դեռահասներին» խորագրով, որը կիրականացվի նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
Ստորագրման արարողությանը հաջորդել է «Համագործակցություն և ավելի լավ պատրաստվածություն՝ արտակարգ իրավիճակներում արդյունավետ և անհապաղ արձագանքման համար» թեմայով քննարկումը․ այն նպատակ ունի բարելավել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտային օրենսդրությունն ու մատուցվող ծառայությունների մեխանիզմները։
Միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՆԳՆ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։ Մասնակցել են նաև շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ճգնաժամային իրավիճակներում առաջնային հոգեբանական օգնություն ցուցաբերող կառույցների կողմից իրականացված աշխատանքները, օգտագործված մեխանիզմները, ի հայտ եկած խնդիրներն ու իրավիճակային լուծումները։
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ մեր երկիրը տարբեր ճգնաժամային իրավիճակներում ձեռք է բերել մեծ փորձ, որն անհրաժեշտ է դարձնել առավել համակարգված։ Մեկնարկող ծրագրի շրջանակում կստեղծվի այնպիսի հարթակ, որտեղ կհստակեցվեն առաջնային հոգեբանական օգնություն ցուցաբերող պետական մարմինների գործունեությունը, կհամատեղվեն բոլոր ռեսուրսները, կիրականացվեն վերապատրաստումներ՝ կատարելագործելու մասնագետների կարողությունները, ինչպես նաև կմշակվեն նոր ուղեցույցներ ու գործիքներ։
Քննարկման ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին նշել է․ «Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ ճգնաժամերը մարտահրավեր են նետել արձագանքման մեր հավաքական կարողությանը, բայց նաև սովորեցրել են մեզ, որ համագործակցությունը կարևոր է: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու քաղած դասերը, հասկանալու՝ ինչն է լավ աշխատել, և թե ինչ փորձարկված ռեսուրսներ կան ձեռքի տակ, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ պատրաստվել արտակարգ իրավիճակներին»։
Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկումների ձևաչափով․ներկայացվել են հոգեկան առողջության առաջնային օգնության դեպքերը, արտակարգ իրավիճակներում տրամադրվող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական ծառայությունները, պետական և մասնավոր կառույցների համագործակցության ուղիները։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում ծրագրի շրջանակում։