Նորություններ

2025 թ․ արդեն իսկ 861 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում

ապրիլի 08, 2025

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

             2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել 861 շահառու տրամադրվել է շուրջ 680 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 12982 ընտանիք, հատկացված բյուջեն՝ շուրջ 9,3 մլրդ դրամ։  

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն  է տրամադրվում՝

·         մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, 

·         հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

 

Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝

·         ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,

·         ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա,

·         հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,

·         տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,

·         ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։ 

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին (ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/banks):

Երկրորդ բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝

·         ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում են վարկառու,

·         ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,

·         տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,

·         ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։