Նորություններ

5 հարց՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 % հետվճարի ծրագրի վերաբերյալ

սեպտեմբերի 18, 2024
 
Հարց 1. Կարո՞ղ եմ արդյոք ստանալ հետվճար կոմունալ ծախսերի համար կատարած անկանխիկ վճարումներից:
Պատասխան: Ո՛չ, 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կոմունալ ծախսերի համար կատարած անկանխիկ վճարումներից հետվճար չի հաշվարկվում:
 
Հարց 2։ Արդյոք հետվճար կձևավորվի՝ օնլայն վճարումներ կատարելու դեպքում։
Պատասխան։ Ո՛չ, օնլայն վճարումներ կատարելիս հետվճար չի ձևավորվում։ Հետվճար տրամադրվում է կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով (ՊՈՍ-տերմինալներով) են կատարում անկանխիկ գործարքներ։
 
Հարց 3։ Եթե, օրինակ՝ ստանում եմ 63 հազար դրամ կենսաթոշակ, որից 50 հազար դրամի շրջանակում կատարել եմ անկանխիկ գործարքներ։ Մնացած 13 հազար դրամը կանխիկացնելու դեպքում՝ արդյոք ինձ կտրվի հետվճար։
Պատասխան։ Այո՛, եթե տվյալ ամսվա ընթացքում Ձեր կատարած անկանխիկ գործարքների ծավալը կազմում է առավելագույնը՝ 50 հազար դրամ, ապա մինչև հաջորդ ամսվա 25-ը Ձեզ կփոխանցվի այդ գումարի 12%-ի չափով հետվճար։
 
Հարց 4։ Հետվճարի ծրագրից օգտվելու համար կարո՞ղ եմ արդյոք առցանց եղանակով փոխել ինձ նպաստ վճարող բանկը։
Պատասխան։ Այո՛, կարող եք առցանց եղանակով կատարել Ձեզ սպասարկող բանկի փոփոխություն։ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension , ընտրել «Մուտագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանը, մուտքագրել պահանջվող տվյալները և նշել նախընտրելի բանկը։
 
Հարց 5։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ստանում եմ կենսաթոշակ, կարո՞ղ եմ արդյոք օգտվել հետվճարի ծրագրից։
Պատասխան։ Այո՛, եթե ՀՀ-ում ստանում եք կենսաթոշակ կամ նպաստ, ապա անկանխիկ վճարումների դեպքում կարող եք ստանալ հետվճար՝ նույն ընթացակարգով։