Նորություններ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում

հուլիսի 21, 2025

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։

Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ 

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն  է տրամադրվում՝

·         մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,

·          հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝

·         ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,

·         ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա,

·         հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,

·         տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,

·         ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին (ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/banks):

Երկրորդ բաղադրիչի շրջանակում կարող են ստանալ այն անձինք՝

·         ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,

·         ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,

·         տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,

·         ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։