Նորություններ

Ամփոփվել են «Առաջնորդության վերելք․ խթանելով կանանց առաջխաղացումը կարիերայում» շարունակական ուսուցման նախաձեռնության երկրորդ փուլի արդյունքները

հուլիսի 30, 2025

Ամփոփվել են «Առաջնորդության վերելք․ խթանելով կանանց առաջխաղացումը կարիերայում» շարունակական ուսուցման նախաձեռնության երկրորդ փուլի արդյունքները․մասնակիցներին տրվել են վկայագրեր։

Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Վահե Սարգսյանը, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Իր ելույթում Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է կանանց տնտեսական զորեղացման, մասնագիտական հմտությունների զարգացման, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակության բարձրացման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը խոսել է Ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարություններով սահմանված առաջնահերթությունների մասին, անդրադարձել նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ ռազմավարությամբ ամրագրված  գերակայություններին։

«Փորձել ենք ժողովրդագրության, զբաղվածության և գենդերային հավասարության ապահովման ոլորտները միավորել և դարձնել մեկը մյուսին փոխլրացնող, որովհետև, օրինակ՝ չենք կարող խոսել գենդերային հիմքով բռնության կանխարգելման մասին, եթե չունենք առանձին շեշտադրում կանանց սոցիալ-տնտեսական ակտիվացման և ենթակառուցվածքների ապահովման վերաբերյալ»,- նշել է նախարարի տեղակալը։

Իր ելույթում Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է կանանց մասնագիտական աճի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես՝ խոսելով հեռավար աշխատանքի ինստիտուտի, հայրության արձակուրդի, մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրերին տրվող լրացուցիչ ընդմիջման իրավունքի և մի շարք այլ կարգավորումների մասին․ «Ընտանիքից ու մայրությունից զատ՝ կանայք ունեն նաև մասնագիտական աճի հնարավորություն իրավունք, և կարևոր է, որ պետությունն աջակցի այն կանանց, ովքեր ունեն այդ ցանկությունը։ Այս նպատակով՝ վերջին տարիներին օրենսդրական դաշտում իրականացրել ենք մի շարք բարեփոխումներ,  որոնք հնարավորություն են տալիս կանանց՝ աշխատանքը հնարավորինս համատեղել մայրության շրջանի հետ»։

ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս շեշտել է նախաձեռնության դերը կանանց տնտեսական կայունացմանն ուղղված հնարավորությունների համատեքստում․ ««Առաջնորդության վերելք»-ը որպես հարթակ կարողացել է մեկտեղել կանանց՝ տարբեր ոլորտներից՝ պետական և մասնավոր հատվածից, հանրային խորհուրդներից, հասարակական կազմակերպություններից և այլն։ Այն կանանց հնարավորություն է տալիս առաջնորդության հմտություններ ձեռք բերել և դրանք կիրառել՝ միաժամանակ հենվելով ընտանեկան արժեքների վրա»,- նշել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը։

Միջոցառման մյուս բանախոսները ևս իրենց ելույթներում շնորհավորել են նախաձեռնության երկրորդ փուլի մասնակիցներին՝ ընդգծելով դրա կարևորությունը հատկապես մարզաբնակ կանանց տնտեսական զորեղացման և գենդերային հավասարության ապահովման գործում։

Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Հարթակ #5Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ավստրիական Զարգացման գործակալության կողմից։