Նորություններ

Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում Սյունիքի մարզում իրականացվել է վերապատրաստման դասընթաց

մարտի 05, 2025

Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում Սյունիքի մարզում իրականացվել է վերապատրաստման երկօրյա դասընթաց՝ մարզի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցների մասնակցությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակն ու նախատեսվող փոփոխությունները, խոսել անապահովության գնահատման նոր համակարգի տեղեկատվական ենթահամակարգի ու թվային փոխակերպման հայեցակարգի մասին։

Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանն անդրադարձել է սոցիալական պաշտպանության բարեփոխումների համատեքստում Միասնական սոցիալական ծառայության զարգացման հեռանկարին, մանրամասնել սոցիալական պաշտպանության համակարգի բոլոր ծրագրերում հաղորդակցության արդյունավետ կազմակերպման մեխանիզմները։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչները խոսել են առցանց դիմումների ներկայացման թվային գործիքների՝ e-social, e-work-ի, ինչպես նաև բարեկցության գնահատման թվային գործիքի մասին։

Դասընթացավարներն անդրադարձել են նաև անապահովության գնահատման նոր համակարգի օրենսդրության և հիմնական կարգավորումներին,  սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությանն ու օրենսդրական ընթացակարգերին, ներկայացրել բարեկեցության գնահատման մեթոդաբանությունը, ակտիվացման դեպքի ընթացակարգը անապահովության գնահատման նոր համակարգի շրջանակում ներկայացվել է նաև ռազմավարական հաղորդակցման առանձնահատկությունները։  

Դասընթացին հաջորդել է քննարկում, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը՝ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ․ հնչեցված առաջարկներն ու դիտարկումները գույքագրվել են։

Վերապատրաստման դասընթացները կլինեն շարունակական։

Դասընթացը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։