Առավել հաճախ հնչող հարցեր՝ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
մարտի 24, 2026
ՀԱՐՑ 1։ Կարո՞ղ եմ օգտվել ծրագրից, եթե բավարարում եմ հիմնական պայմաններին, սակայն հողատարածք չունեմ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից օգտվելու համար հողատարածքի առկայությունը պարտադիր պայման է․ հողատարածք ձեռք բերելուց հետո կարող եք դիմել և աջակցություն ստանալ ծրագրով նախատեսված բնակավայրերից որևէ մեկում տուն կառուցելու համար (բնակավայրերի ցանկը՝ https://mlsa.am/news/1177 )։
ՀԱՐՑ 2։ Եթե վարկային վատ պատմություն ունեմ, կարո՞ղ եմ համարվել ծրագրի շահառու։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, եթե բավարարում եք ծրագրով սահմանված հիմնական պայմաններին և նախատեսում եք տունը կառուցել 16 մլն դրամի շրջանակում՝ չներգրավելով հավելյալ վարկային միջոցներ, ապա վարկային վատ պատմություն ունենալը խոչընդոտ չէ։
ՀԱՐՑ 3։ Ծրագրից օգտվելու համար պարտադի՞ր է հաշվառում ունենալ ծրագրով հաստատված բնակավայրերից որևէ մեկում։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրով հաստատված 49 սահմանամերձ բնակավայրերի դեպքում պարտադիր պայման է, որպեսզի շահառուները (ամուսիններից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինեն տվյալ բնակավայրում (ցանկը՝ https://mlsa.am/news/1177 )։
Մյուս 18 բնակավայրերի դեպքում պարտադիր պայման է, որպեսզի շահառուներն ունենան առնվազն մեկ՝ 10 տարին չլրացած երեխա և նախորդ 1 տարվա ընթացքում Երևան քաղաքում չունենան հաշվառում, անշարժ գույք կամ գնման իրավունք (բնակավայրերի ցանկը՝ https://mlsa.am/news/1177)։
ՀԱՐՑ 4։ Ի՞նչ հիմնական պայմանների պետք է բավարարեմ՝ ծրագրից օգտվելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շահառու կարող են դառնալ՝
․ գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները,
․ գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), Միաժամանակ, շահառու կարող են դառնալ առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնողները՝ այրիները կամ միայնակ մայրերը։
ՀԱՐՑ 5։ Ի՞նչ քայլեր պետք է կատարեմ ծրագրի շահառու դառնալու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀ նախարարության հետ համագործակցող բանկերից որևէ մեկին՝ ԱԿԲԱ բանկ, Ամերիաբանկ, Էվոկաբանկ, Կոնվերս Բանկ, Յունիբանկ, Ֆասթ բանկ և Ֆինքա ՈՒՎԿ։ Անհրաժեշտ է բավարարել ծրագրի հիմնական պայմաններին և ունենալ հողամաս, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթեր։