Նորություններ

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը

նոյեմբերի 14, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ տեղի է ունեցել համայնքահեն և ներառական ծառայությունների տրամադրման, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ 

Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, շահագրգիռ գերատեսչությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ։ 

Քննարկվել են սոցիալական պաշտպանության համակարգի վերափոխման, միասնական քաղաքականության, այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնման ու զարգացման հեռանկարներին, ապաինստիտուցիոնալացման փուլերին և առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր։ 

Նախարար Արսեն Թորոսյանը ելույթի ընթացքում նշել է, որ ԱՍՀ նախարարության կողմից մշակված ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունն ուղղված է խնամքի հաստատություններում բնակվող անձանց ընտանիք վերադարձնելուն՝ ստեղծելով համապատասխան համայնքային ծառայություններ և ապահովել խտրականությունից զերծ ապրելու նրանց իրավունքի իրացումը։ 

Անդրադարձ է կատարվել նաև այդ գործընթացում պետության, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև համայնքների փոխգործակցությանը՝ նպատակ ունենալով զարգացնել այն և ապահովել յուրաքանչյուր անձի իրավունքների իրացումը, հասարակության մեջ ներառականության ապահովումն ու հավասար հնարավորությունների ստեղծումը։